29/05/2026
Քաոտիկ ու չպլանավորված օրվա վերջին կանգառը Թեժառույքի վանքն էր։ Մեղրաձոր գյուղի դիմաց, հիմնական ճանապարհից ընդամենը մեկ կիլոմետր վերև, անտառի մեջ խոնարհված մի վեհ եկեղեցի։
Բայց թեթև քայլարշավը ավարտվեց խորը ափսոսանքով` վանքը անմխիթար վիճակում էր։ Կանգուն էր իհարկե, բայց զգացվում էր, որ ոչ մեկ համակարգային չի խնամում, չի պահպանում անչափ արժեքավոր ճարտարապետական կոթողը։ Տանիքը արդեն փլվում էր, պատերին լիքը գրություններ, իսկ շուրջը անտառ, որը մի օր կլանելու էր վանքը։
Ամբողջ ճանապարհին մտածում էի դրա մասին, միթե ափսոս չէ մեր պատմությունը, մեր ժառանգությունը։ Թշնամին երբ միտումնավոր է ավիրում, մենք անիծում ենք նրան, արդարություն պահանջում Աստծուց ու աշխարհից, ու միևնույն ժամանակ մեր հողի վրա նույնը ինքներս ենք անում։
Արդեն տանը հասկացա, որ թեման բավական նրբանկատ ու բազմաշերտ է` Թեժառույքի վանքը չի պատկանում Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այն կառուցվել է Զաքարյան իշխանների օրոք 12-րդ դարում, ու Հայ-քաղկեդոնական եկեղեցի է։
Հայ հասարակական և հոգևոր ընկալումներում երկար ժամանակ գոյություն է ունեցել կարծրատիպ, որ «քաղկեդոնականը» հավասարազոր է «վրացականին» կամ «հունականին»։ Հուշարձանագետները հաճախ էին նշում, որ հայկական կողմը տասնամյակներ շարունակ գիտական և գործնական մակարդակներում բավարար տեր չի կանգնել հայ-քաղկեդոնական մշակույթին։ Սա հանգեցրել է նրան, որ հարևան Վրաստանը հաճախ այդ վանքերը դիտարկում է բացառապես որպես վրացական մշակութային ժառանգություն, ինչն էլ հարցը տեղափոխում է միջպետական և քաղաքական դաշտ։
Բայց Թեժառույքը, Քոբայրը, Ախթալան օտար չեն։ Դրանք կառուցվել են մեր հողում, հայ իշխանների՝ Զաքարյանների միջոցներով ու հայ վարպետների ձեռքով։ Սա մեր պատմության այն հարուստ ու բազմաշերտ էջն է, երբ հայ մշակույթը չէր վախենում երկխոսությունից, երբ մենք քրիստոնեական արևելքի ու արևմուտքի մեծ խաչմերուկում էինք։
Այսօր Թեժառույքը պաշտոնապես «պետական պահպանության հուշարձան» է, բայց փաստացի այն մնացել է բնության քմահաճույքին։ Տանիքին աճած խոտն ու ծառերը, տարեցտարի խորացող ճաքերը հիշեցնում են, որ անտարբերությունը հաճախ ավելի քայքայիչ է, քան ժամանակը։ Եկեղեցական պատկանելիության կամ դավանաբանական վեճերի պատճառով այսպիսի բացառիկ կոթողները լուսանցքում թողնելը մեր սեփական պատմությունը կրճատելու պես մի բան է։
Քաղկեդոնական հուշարձանների պահպանությունը լոկ քարեր ամրակայել չէ, սա մեր պատմական հիշողության լայնացման, մեր անցյալի ամբողջականությունն ընդունելու կարևոր փուլ է։